Պարտություն կրած քաղաքական ուժերին, սովորաբար չեն սիրում, հատկապես, եթե նրանք իրենց ձայներն ստացել են այլ քաղաքական ուժերի հաշվին: Այս մասին, այսօր` փետրվարի 23-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով` այսպես կոչված, ձայների «զավթումը» առավել շատ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, քան Սերժ Սարգսյանին: «Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած 37 տոկոսից 5,1 տոկոսը պատկանել է ԲՀԿ-ին, որը թեկնածու չէր առաջադրել, 2,1 տոկոսը` ՀՀԿ-ին, 1,3 տոկոսը` ՀԱԿ-ին, որը եւս սեփական թեկնածու չուներ, 1,2 տոկոսը` ՀՅԴ-ին, 0,5 տոկոսը` ՕԵԿ-ին, եւ 0,2 տոկոսը` այլ քաղաքական ուժերի ձայներ էին»,-ասաց սոցիոլոգը, հավելելով, որ եղել են նաեւ 5 տոկոս կազմող մարդիկ, որոնք որեւէ ուժի օգտին չեն քվեարկել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այլ իրենց ձայնը տվել են առանձին թեկնածուի:

«Եթե գործող նախագահը գնար Սահմանադրության խախտման եւ նոր ընտրություններ նշանակեր երկրում, որին կմասնակցեին Գագիկ Ծառուկյանը, Վահան Հովհաննիսյանը, Արթուր Բաղդասարյանը եւ այլ քաղաքական գործիչներ, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի 37 տոկոսից կմնար ընդամենը 7-8 տոկոս»,-համոզված է Ադիբեկյանը:

Նա նաեւ հավելեց, որ նոր ընտրություններից հրաժարվելու Սերժ Սարգսյանի որոշումը կփրկի Րաֆֆի Հովհաննիսյանի դեմքը եւ նա պատմության մեջ կմնա իշխանության միակ մրցակիցը, ով այդքան ձայն է հավաքել:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, առաջարկել  նոր ընտրություններ անցկացնել, բայց վերջինս հրաժարվել է:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am