Մեր կանխատեսումներն իրականացան, եւ զարմանալի է, թե ինչու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ծանոթ է արեւմտյան քաղաքական մշակույթին, չի հրապարակում իր հետազոտությունների արդյունքները եւ արհամարհում է սոցիոլոգիական լուրջ կենտրոնների տվյալները, որոնք իբրեւ հիմք է ընդունում, օրինակ, Հանրապետական կուսակցությունը։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 23-ի մամուլի ասուլիսում հայտնել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը
«Գործող նախագահը նախօրոք գիտեր, թե որ մարզերում է պարտվելու՝հիմնվելով 7 հարցումների տվյալների վրա, որոնցից վերջինը անցկացվել էր փետրվարի 8-10-ին։
Եթե օգտագործվել է վարչական ռեսուրսը, եթե զանգվածային լցոնումներ են եղել, ապա ինչպես է ստացվել այնպես, որ գործող նախագահը մի մարզում հաղթել է, մյուսում՝ պարտվել։ Եթե դա համընդհանուր բնույթ կրեր, Սերժ Սարգսյանը բացարձակ հաղթանակ կտաներ բոլոր մարզերում։
Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ այն ընտրատեղամասերում, որտեղ ինքը հաղթել է, ընտրություններն արդար են անցել եւ պահանջում է պատժել խախտումներ կատարողներին այն տեղամասերում, որտեղ պարտվել է»,- նշել է սոցիոլոգը։
Ըստ նրա՝ քաղաքական մշակույթը սեփական պարտությունն ընդունելու կարողությունն է։
Ինչ վերաբերում է ժողովրդին, ընտրություններին մասնակցած 60 տոկոսից 30-ը պահպանողական են եւ վախենում են փոփոխություններից։ «Մնացած 3 տոկոսը երկու մասի են բաժանվում. մի մասն արմատական, մյուս մասը չափավոր փոփոխությունների կողմնակից են։ Եվ ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտը չկարողացավ համախմբվել»,- ընդգծել է Ահարոն Ադիբեկյանը։
Հիշեցնենք, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նախագահի հետ հանդիպման մասին խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ ինքը գործող նախագահին մի քանի փոխզիջումային որոշումներ է առաջարկել, որոնցից ամենակարեւորն արտահերթ խորհրդարանական ընտրութունների անցկացումն էր՝ բացառապես համամասնական ընտրակարգով։ Սակայն Սերժ Սարգսյանը բացասական պատասխան է տվել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























