Փետրվարի 20-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել Աշոտ եւ Հովհաննես Դ.-երի ու Սարգիս Ա.-ի կողմից Ա. Գրիգորյանի նկատմամբ խուլիգանություն կատարելու մասին, որի ընթացքում հնչել էին կրակոցներ, իսկ փետրվարի 21-ին հաղորդում էր ստացվել, որ նշված խուլիգանությանը մասնակից է եղել նաեւ Պետրոս Ն.-ն, որն իր մոտ եղած ատրճանակից արձակել էր կրակոցներ դեպի օդ եւ գետին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 22-ին, ժամը 22.30-ին, Աշոտ եւ Հովհաննես Դ.-երը, Սարգիս Ա.-ն եւ Պետրոս Ն.-ն ներկայացել են բաժին, որտեղ Պետրոս Ն.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակ` դատարկ պահունակով, եւ հայտարարել, որ փետրվարի 20-ին նշված ատրճանակով կրակել է ինքը:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել են փորձաքննություններ:

Աշոտ Դ.-ն եւ Պետրոս Ն.-ն ձերբակալված են:

Հովհաննես Դ.-ն եւ Սարգիս Ա.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է: