Եգիպտական ընդդիմության առաջնորդներից մեկը, ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մուհամեդ էլ Բարադեյը Եգիպտոսի քաղաքացիներին կոչ է արել բոյկոտել ապրիլին նշանակված խորհրդարանական ընտրությունները։

«Ժողովրդի կողմից ընտրությունների համընդհանուր բոյկոտը կեղծ դեմոկրատիան ջրի երես հանելու ու մարդկանց վստահությունը մեր նկատմամբ հաստատելու ամենաարագ միջոցն է», - գրել է Բարադեյն իր Twitter-ի պաշտոնական էջում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ազգային փրկության ճակատը, որի առաջնորդներից մեկը Մուհամեդ Բարադեյն է, կտրուկ քննադատում է երկրի ներկայիս ղեկավարությանը՝ իշխանությունների առջեւ մի քանի պահանջ դնելով, որոնցից գլխավորներն են կառավարությունը ցրումը, ազգային փրկության նոր կառավարության ձեւավորումը եւ Եգիպտոսի ներկայիս գլխավոր դատախազի պաշտոնանկությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ի գիշերը Եգիպտոսի նախագահը հրամանագիր էր ստորագրել` խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ անցկացնելու մասին, որը պետք է սկսվեր այս տարվա ապրիլի 27-ին։ Նախագահի հրամանագրի համաձայն` քվեարկությունը տեղի կունենա չորս փուլով եւ կավարտվի հունիսի 27-ին։ Նորընտիր ներկայացուցիչների պալատի առաջին նիստը տեղի կունենա 2013 թվականի հուլիսի 6-ին։