ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը շարունակում է մնալ հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հայրիկյանը: Նրա խոսքով` հիմնական խնդիրը կապված է ձեռքի անաշխատունակության հետ եւ պարբերաբար ցավեր է ունենում:
Միաժամանակ նա նշեց, որ բժիշկները լավատես են, սակայն չգիտի, թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























