Սոցիալական ապահովության պետական ծառայությունում նախկին պետ Վազգեն Խաչիկյանը հիասթափված է իր աշխատանքային ընկերներից, ովքեր նման «սուտ» ցուցմունքներ են տվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժոռա Վարոսյանը: Մարտին արդեն տեղի է ունենալու դատական քննությունը, սակայն նրանք միջնորդություններ չեն ներկայացնում, սպասելու են դատաքննությունը ընթանա, ապացույցները հետազոտվեն նոր իրենց միջնորդությունները կներկայացնեն:
Խոսելով արդարացման հնարավորությունների մասին, փաստաբանն ասաց. «Այս փուլում չենք կարող որեւէ բան ասել, երբ դատաքննության ընթացքում ցուցմունքները կլսենք, մենք մեր հարցերը կուղղենք, կօգնենք մեր գործողություններով, որ անձը ճիշտ ցուցմունք տա այդ ժամանակ արդեն պատկերը ավելի պարզ կլինի»: Փաստաբանը Խաչիկյանի նկատմամբ խարդախություն հոդվածը դնելը աբսուրդ է համարում:
«Նման արարքը խարդախություն չէր կարող դիտվել: Նախ` դա շատ վիճարկելի է: Այնտեղ կա եւ յուրացում, եւ խարդախություն եւ փաստաթղթերի կեղծիք: Մենք նույնիսկ գտնում ենք, որ ինքն ընդհանարապես յուրացում էլ չի կատարել: Զարմանալի է: Բուրգի գլխին կանգնած մարդը, որը որ իրավասու էր տնօրինել իրեն վստահված ստորաբաժանման գումարները, դա դիտել որպես խարդախություն դա արդեն աբսուրդ է: Նա հիմնադրամի նախագահն էր, ինչպես կարելի էր խարդախությամբ տիրանալ այդ գումարներին, երբ այդ կառույցի ղեկավարն էր»,- նշեց փաստաբանը:
Հարցին, թե հանդիպո՞ւմ է Վազգեն Խաչիկյանի հետ, տրամադրվածությունն ինչպիսի՞ն է, փաստաբանը պատասխանեց. «Իհարկե, հանդիպում եմ, մենք մշակում ենք մեր տակտիկան, թե ինչ ձեւով ենք պայքարելու դատարանում արդարության հասնելու համար: Այնտեղ շատ-շատ հարցեր կան, որոնց դատաքննության ընթացքում պետք է փորձենք պարզաբանում մտցնեն: Նախ` խարդախության հոդվածը պետք է պայքարենք, որ ընդհանրապես վերանա, որովհետեւ դա չի կարող խարդախություն դիտվի: Բացի այդ վկաների ցուցմունքներից շատ բան է կապված, եթե նա ամենահեշտ տարբերակն է ընտրել եւ ասել, որ Խաչիկյանն է մեղավոր դա դեռ չի նշանակում, որ Խաչիկյանն այդ արարքը կատարել է»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե Վազգեն Խաչիկյանը հիասթափվա՞ծ է, թե` ոչ, ինչին փաստաբանն արձագանքեց. «Իր աշխատանքային ընկերներից շատ է հիասթափված, թե մարդը ոնց կարա նման տիպի սուտ ասի»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վազգեն Խաչիկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մաս 1 կետ-ով , եւ 314 հոդվածի 1 կետով հանցավոր արարք կատարելու մեջ: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել էին ոստիկանության լրատվության վարչությունից: Ձերբակալված մյուս անձինք Սոցիալական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանն է, իսկ երրորդը՝ Սոցապի կենտրոնական ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Վազգեն Խաչիկյանը 2010թ. դեկտեմբերին ազատվել էր հիմնադրամի նախագահի պաշտոնից` Վերահսկիչ պալատի արձանագրած ահռելի խախտումներից հետո: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել է քրեական գործ: ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ, ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 մլն 181 հազար 900 դրամ գումար ու յուրացրել այն:Ներկա պահին գործը գտնվում է դատարանում:



























