Էթնոկրատական պետությունը թուլացնում է Վրաստանը օտարերկրյա գերտերությունների առջեւ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերջին հայտարարությունները Սամցխե Ջավախքն ու աբխազական երկաթուղին Վրաստանի վրա ռուսական ճնշման լծակ համարելու մասին:
«Վրացական քաղաքական էլիտան երբեք չի կարողացել ճիշտ գնահատել ազգային փոքրամասնությունների հետ կապված իրավիճակը: Իրենց իսկ երկրի պատմության ուսումնասիրումը ցույց կտար, որ հայերը, օսերն ու աբխազները հյուրեր չեն, այլ իրենց հայրենիքում բնակվող ժողովուրդներ: Վրաստանը միայն վրացիների հայրենիքը չէ, ինչպես այդ մասին բղավում էին 90-ականներին եւ ինչպես շարունակվում է հիմա: Քանի դեռ Վրաստանի ղեկավարությունը չի հասկանում նման քաղաքականության հետեւանքները, երկիրը կթուլանա: Այդ ժամանակ դրանից կօգտվեն, եւ կարեւոր չէ` թե ով»,-նկատեց Լ. Շիրինյանը:Նրա կարծիքով` բազմազգ Վրաստանը կարող է գոյություն ունենալ միայն որպես դաշնություն, որտեղ տիտղոսակիր ազգը մյուսների նկատմամբ առավելություն չի ունենա:
«Սակայն Սահակաշվիլիի դեպքում նման ընկալում չկար: Տիրող քաղաքականությունը էթնոկրատիան է, ազգային փոքրամասնությունների ձուլման քաղաքականությունը` փոխառնված Թուրքիայից»,-նշեց քաղաքագետը:Ինչ վերաբերում է աբխազական երկաթուղուն, ապա եթե հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա Հարավային Կովկասի նկատամբ հետաքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ն ու Եվրոպան, պետք չէ զարմանալ, որ իր շահերն է հետապնդում նաեւ երկու քայլի վրա գտնվող Ռուսաստանը: «Վրաստանը ոչ մի պարագայում չի մոռանում իր ազգային շահերի մասին: Ինչու նույնը չպետք է անի նաեւ Հայաստանը: Երեւանը լիակատար իրավունք ունի հայտարարելու, որ Հայաստանի անվատանգությունը կախված է աբխազական երկաթուղով Գյումրիի ռուսական ռազմաբազայի անխափան մատակարարումից: Եւ Ռուսաստանի հետ համատեղ պնդի դա, քանի որ դա նաեւ շահավետ է վերջինիս»,-հայտարարեց Լ. Շիրինյանը:




























