Փետրվարի 18-ը Հայաստանում դարձավ բարեւի հեղափոխության սկիզբը: Այդ մասին հայտարարել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիի ընտրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով, նախագահական ընտրությունների օրը Գյումրիի բնակիչները հայտարարեցին, թե պատասխանատու են իրենց ձայների համար եւ այլեւս երբեք չեն վաճառի այն: Խոսելով աղետալի երկրաշարժից տուժած Գյումրիի վերականգնման մասին` նա հայտարարել է, թեեւ նախորդ իշխանությունները 21 տարվա մեջ իրենց ավանդն են ունեցել քաղաքի վերականգնման մեջ, այդուհանդերձ, այսօրվա դրությամբ Գյումրին մնում է աղետի գոտի: Այդ կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացել է հավաքված գյումրեցիներին, որ արդեն մեկ տարուց իրավիճակը կտրուկ կփոխվի, նոր աշխատատեղեր կբացվեն, եւ արդյունքում մեկ տարում Գյումրին կվերականգնվի:
Խոսելով արտաքին քաղաքականության մասին` նա հայտարարել է, թե Արեւմտյան հայաստանի մասին երազելուց առաջ անհրաժեշտ է կարգուկանոն հաստատել երկրում: Բազմությունից հնչող իշխանափոխության կոչերին ի պատասխան Հովհաննիսյանն ասել է,թ ե հարգում է Սերժ Սարգսյանին. «Բայց մենք ընդդիմություն ենք, եւ ունենք բավարար կամք` երախտագիտություն հայտնելու առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին, եւ ասելու, որ նոր ժամանակներ են եկել, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին հայտնել է, թե վաղը ժամը 15-ին Ազատության հրապարակում հանրահավաք է կայանալու` անկախ նրանից, կարտոնի քաղաքապետարանը, թե ոչ: «Թող փորձեն փակել ճանապարհները, դա կարձանագրվի, եւ ես կրկին կգամ ձեզ մոտ, Գյումրի»: Նա նշել է, որ եթե իշխանությունը շարունակի մնալ կառավարման ղեկաին, ժողովորդը պետք է պատրաստվի տեւական պայքարի:
Հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ուղեկիցների հետ քայլել է փողոցներով եւ այցելել եկեղեցի:






Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am



























