Ոստիկանությունը հայտարարություն է տարածել` կապված Հայաստանի մի շարք քաղաքներում Րաֆֆի Հովհաննիսյանի` բնակչության հետ հանդիպումների մասին:

Ոստիկանության հայտարարությունում ասվում է.

«Հայաստանի ոստիկանությունը մեկ անգամ չէ, որ հիշեցրել է պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա կողմից կազմակերպվող հավաքների մասնակիցներին, որ որեւէ պետությունում, այդ թվում՝ Հայաստանում, չկա եւ չի կարող լինել իրավունք՝ իրազեկում պահանջող հավաք անցկացնել առանց իրազեկման, հավաքվել այնտեղ, որտեղ կամենաս, «հրամաններ» տալ ոստիկանության ծառայողներին՝ չունենալով դրա լիազորությունը: Ցավոք, այս նախազգուշացումները դրանց հասցեատերերը չեն ընկալել:

Արդեն մի քանի տարի է, ինչ ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը՝  ապահովելու հավաքների լիարժեք ազատությունը Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, ինչպես եւ արմատավորելու համերաշխության եւ փոխգործակցության մթնոլորտ հավաքների մասնակիցների եւ ոստիկանության միջեւ: Այս միջավայրն անհրաժեշտ է ոչ թե սոսկ ոստիկանությանը կամ իշխանությանը, այլ հենց մեր հասարակությանը, որովհետեւ ապահովում է անվտանգություն եւ կայունություն, որոնք անհրաժեշտ են խաղաղ եւ ապահով կյանքի ու զարգացման համար:

Փետրվարի 23-ին  ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն առանց իրազեկման հավաքներ է անցկացրել Աշտարակ, Ապարան, Սպիտակ, Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում: Գյումրիում շարունակվում է:  Վաղը, կրկին առանց իրազեկման,  հավաք է կազմակերպվելու Երեւանի Ազատության հրապարակում:

ՀՀ  ոստիկանությունը շեշտում է, որ ապօրինի հավաքների անցկացումը կարող է հանգեցնել անկառավարելիության, իրավունքների չարաշահման, բախումների, տարաբնույթ իրավախախտումների, երբ այլեւս հնարավոր չի լինի ապահովել դրանց բնականոն եւ խաղաղ ընթացքը: 

Հաշվի առնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կազմակերպված հավաքներն ուղղակիորեն հակասության մեջ են մտնում հավաքների ազատության հետ, ՀՀ ոստիկանությունն անթույլատրելի զարգացումներից խուսափելու համար անհրաժեշտ է համարում իրազեկել Րաֆֆի Հովհաննիսյանին զանգվածների կառավարման մեթոդաբանությունը՝ նկատի ունենալով, որ անօրինական հավաքները, իրավապահ մարմիններին չենթարկվելու ապօրինի կոչերը եւ հրահանգները, այլ ապօրինությունները հավաքների ժամանակ կարող են խթան հանդիսանալ բազում այլ ապօրինությունների համար եւ հանգեցնել անդառնալի հետեւանքների՝ զրկելով ոստիկանությանը հավաքների խաղաղ ընթացքն ու հասարակական կարգը պահպանելու հնարավորությունից:  Այդ նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա կողմնակիցների հետ քննարկելու վերոհիշյալ հարցերը` տեղեկացնելով նրանց իրենց այդ բնույթի գործողությունների հնարավոր հետեւանքների մասին»:

Նշենք, որ այս առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանի տարբեր քաղաքներում ինքը ոչ թե հանրահավաքներ է կազմակերպել, այլ հանդիպել է տեղի բնակիչների հետ: «Ոչ ոք չի կարող խոչընդոտել իմ հանդիպումները բնակչության հետ»,-ասել էր նա: