Մեզ համար ընկալելի է, մենք ընդունում ենք ե՛ւ հանրահավաքները, ե՛ւ ինքնաբուխ հավաքներն այնքան ժամանակ, քանի դեռ դա օրենքի սահմաններում է: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով հետընտրական զարգացումները Հայաստանում, մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Երեւանում եւ երկրի այլ քաղաքներում անցկացվող հանրահավաքները։
«Երեկ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում էր մարզերով, այսպես ասած՝ հանրահավաքային տրամադրություն էր փորձում ստեղծել մարզերում, մենք տեսանք, որ մի շարք քաղաքներում, հատկապես՝ Սպիտակում, Գյումրիում, Աշտարակում, Վանաձորում, ոստիկանությունը հայտարարում էր, որ սա արտոնված հանրահավաք չէ։ Այնուամենայնիվ, մենք տեսանք, որ ոստիկանությունը դեռեւս ձեռնպահ է մնում որոշակի գործողություններ կատարելուց, եւ մասնակիցների անվտանգությունը եւ գործողությունների պատասխանատվությունը իր բոլոր հետեւանքներով ընկնում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ իր թիմակիցների վրա, ովքեր հրավիրում են այդ հանրահավաքները», - նշեց Սահակյանը՝ հավելելով. «Չկան արտոնյալներ»։
Հարցին, թե ի՞նչ ելք է տեսնում, ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը, հնարավո՞ր է՝ երկխոսության միջոցով, հանրապետական պատգամավորը արձագանքեց. «Իհարկե, ես կարծում եմ, որ ելքը երկխոսությունն է»։
Հարցին` թե առայժմ հայտնի չէ, թե ինչ է Սերժ Սարգսյանը առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ կարո՞ղ նա պարզաբանում տալ` Սահակյանը պատասխանեց. «Մենք ունենք որոշակի պայմանավորվածություն, այսինքն՝ իրենք՝ երկու տղամարդ, նստեցին սեղանի շուրջ, աչքերի մեջ նայելով նշեցին, որ «մենք լրատվամիջոցների ներկայությամբ չխոսենք»։ Եվ դրանից հետո եթե ինքը հայտնում է ժողովրդին՝ ինչ են խոսել, ասում է, սա իր խնդիրն է։ Եթե մենք զգանք եւ տեսնենք, որ խեղաթյուրվում է տեղեկատվությունը, միգուցե այդ ժամանակ հայտարարություն անենք, այնուհետեւ՝ նաեւ որոշակի քայլեր ձեռնարկենք»։
Հարցին էլ՝ «այն, ինչ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը, խեղաթյուրվե՞լ է», հանրապետական պատգամավորը արձագանքեց. «Ես ներկա չեմ եղել եւ չեմ տիրապետում այնտեղ տեղի ունեցած խոսակցության մանրամասներին։ Եթե դրա անհրաժեշտությունը մենք զգանք, որ կա, որ ժողովրդին ապատեղեկատվություն է տարածվում, միգուցե նաեւ հայտարարություն տարածենք եւ ասենք բանակցությունների արդյունքները»։
Ի պատասխան հարցի՝ չի՞ մտահոգում արդյոք մթնոլորտի շիկացումը ՀՀԿ-ին եւ կարելի է այս իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել, Հովհաննես Սահակյանը հայտարարեց. «Մենք պատրաստ ենք քննարկելու առողջ տրամաբանության մեջ ե՛ւ հայտարարությունները, ե՛ւ պնդումները։ Այն, որ ընտրությունները անցել են թափանցիկ եւ ժողովրդավարական՝ որեւիցե մեկը չի կասկածում, եւ այն խախտումները, որոնք առկա են եղել, այդ ընտրախախտումները էականորեն չեն ազդում ընտրական պրոցեսի վրա եւ ընտրությունների արդյունքների, եւ ոչ միայն էականորեն՝ շատ նվազ տոկոս է։ Եվ կարծում եմ, նաեւ մեր ընդդիմադիրները պետք է իրենց մեջ ուժ գտնեն, գլխապտույտի մեջ չընկնեն իրենց 6 տոկոսից հետո 37 տոկոս ձայն հավաքելու պարագայում եւ հաղթող թեկնածուին շնորհավորեն»։
«Մենք ընդամենը ուզում ենք ասել, որ եթե գործողություն ենք կատարում՝ կատարենք միայն օրենքի շրջանակներում, որովհետեւ մենք չենք ուզում, նորից եմ շեշտում, որպեսզի այս հանրահավաքները ունենան հետեւանքներ, որոնք լինեն անդառնալի Իշխանությունը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի դրանք չլինեն անդառնալի: Ես նշեցի, որ իշխանությունը այսօր գնում է ընդառաջ, դեռեւս որեւէ բիրտ ուժ չի կիրառում, թեպետ դրա իրավունքը ունի, շեշտում եմ », - հավելեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե այն քաղաքներում, մարզերում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է Սերժ Սարգսյանին, կարծես թե հետեւում են հրաժարականներ, եւ արդոք ՀՀԿ-ն պատժում է իր քաղաքապետներին, մարզպետներին՝ Սերժ Սարգսյանի հաղթանակը չապահովելու համար Սահակյանն ասաց.- «Պատժելու որեւէ խնդիր չկա։ Ես հարգում եմ Շիրակի մարզպետի որոշումը՝ անկեղծ, որովհետեւ, լինելով Սպիտակի բնակիչ, այս սոցիալական, տնտեսական բարձր ճգնաժամի, խորը ճգնաժամի պայմաններում երկրի նախագահը այդքան մեծ ներդրումներ անելով երկու բնակավայրերում, որոնք աղետի գոտի են, եւ, ըստ էության, մարզպետը, գնահատելով իր աշխատանքը, որ այսքան աշխատանք է կատարել եւ չի գնահատվել, ինքը անելիք չունի, նաեւ իր խոսքի մեջ է դա։ Եվ այնքան բարոյական անձնավորություն է եւ հրաժարական տվեց, եւ այստեղ ես ե՛ւ ողջունում եմ, ե՛ւ գտնում եմ, որ բարոյական քայլ կատարեց»։
Հաշվի առնելով դա՝ հնարավո՞ր են նոր հրաժարականներ հարցին Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ բացառում, ես կարծում եմ նաեւ, որ կլինեն էլի պարոն Գիզիրյանի պես անձնավորություններ, ովքեր վեր կկանգնեն իրենց աթոռից, պաշտոնից եւ որտեղ կան որոշակի խնդիրներ՝ նաեւ որոշակի քայլեր կկատարեն»։



























