Կուբայի ժողովրդական իշխանության Ազգային ասամբլեայի (խորհրդարան) պատգամավորները Ռաուլ Կաստրոյին վերընտրել են Պետական խորհրդի ղեկավարի պաշտոնում: Նոր գումարման ասամբլեայի անդամները նման որոշում են կայացրել փետրվարի 3-ի ընտրություններից հետո տեղի ունեցած նիստում, որին մասնակցել է նաեւ Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն:
Պետխորհրդի կազմում Ռաուլ Կաստրոյի հետ վերընտրվել էր եւս 30 մարդ: 81-ամյա քաղաքական գործչի առաջին տեղակալն է դարձել 52-ամյա Միգել Դիաս-Կանելը: Ավելի վաղ հայտարարվել էր Ազգային ասամբլեայի նոր ղեկավարի անունը` Քաղբյուրոյի անդամ Էստեբան Լասոն, որը Պետխորհրդի նախագահի նախկին տեղակալներից է եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընտրվելուց հետո իր ելույթում Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ հրաժարական կտա հինգ տարի անց` պետության ղեկավարի պաշտոնում իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո:
«Դա իմ վերջին ժամկետը կլինի», - նշել է Կաստրոն: Կուբան 2008թ. պաշտոնապես գլխավորած Ռաուլ Կաստրոն բազմիցս հայտարարել էր, որ պետական եւ կուսակցական գլխավոր պաշտոններում մնալու ժամկետը պետք է սահմանափակել հաջորդող երկու հնգամյա ժամկետներով:




























