Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալների թիվը հասել է 4-ի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա փոխանցմամբ` N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղեկալը եւ նույն զորամասի պարենային բազայի պետը կալանավորվել են, իսկ նույն զորամասի պարենային պահեստարանի պետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ասել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Ավելին վերջինս սրտի կաթված է տարել եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժում է ստացել:




























