Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական երկու հակամարտող ընտանիքները հաշտվել են ավագների միջամտելուց հետո: Հրապարակային հաշտեցումը կատարվել է փետրվարի 24-ին «Կորինտիա» հյուրանոցի սրահներից մեկում՝ 300 մարդու եւ Ադրբեջանի Շամքիրի շրջանից ժամանած ավագների ներկայությամբ:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ 16-ամյա աղջիկը պետք է ամուսնանա առեւանգողի հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փեսացուն դիմել էր այդ քայլին՝ անփոխադարձ զգացմունքի պատճառով: Պատմությանը խառնվել էին նաեւ առեւանգված աղջկա սիրած տղայի հարազատները:
Հարսանիքի մասին որոշումը կայացրել են ավագների մասնակցությամբ, նշվել է, որ աղջկա ձեռքին հավակնող մյուս տղան պահանջներ չունի:
«Ֆոնտանկան» հայտնում է, որ արարողությանը ներկա Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Գուդսի Օսմանովը տեղի ունեցած միջադեպն անթույլատրելի է անվանել:
Մամուլի տվյալով՝ երկու ընտանիքների թշնամության պատճառ էր դարձել աղջկա առեւանգումը: Սկզբում հաշիվները պարզել էին հայրենիքում, իսկ նախորդ շաբաթ տեղափոխվել էին Պետերբուրգ: Հակամարտության հետեւանքով հինգ մարդ հայտնվել էին հիվանդանոցում:




























