Վրաստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 25-ի դատական նիստում կպահանջի քննության ընթացքում դադարեցնել Գիգի Ուգուլավայի լիազորությունները քաղաքապետի պաշտոնում: Դատախազությունը գրավի դիմաց ազատելու խափանման միջոց կառաջարկի  մեկ միլիոն լարի (600 հազ. դոլար) տուգանքը, նաեւ՝ Ուգուլավային կարգելվի երկրից բացակայելը: Այդ մասին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստատեսությամբ:

 «Խոսքն ավելի քան 20 մլն լարիի լվացման եւ վատնումների մասին է», - ասել է Քբիլաշվիլին: Նրա խոսքով՝ պաշտոնեական լիազորությունների դադարեցումը նախատեսված է Վրաստանի Քրեական դատավարության օրենսգրքով,  հայտնում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային մեղադրանք է ներկայացրել երկու հոդվածներով՝ ծառայողական դիրքի չարաշահմամբ ուրիշի հատկապես խոշոր չափերի միջոցների յուրացման եւ հատկապես խոշոր չափերի փողերի լվացման:

Քննչական ծառայությունը քաղաքապետին մեղադրում է «Իմեդի» ընկերությանը տիրանալու համար, որի նախկին համասեփականատեր ամերիկացի Ջոզեֆ Քեյը ճնշումների պատճառով ստիպված էր եղել 2008թ. քաղաքապետին վաճառել իր մասնաբաժինը: Քաղաքապետը մեղադրվում է նաեւ «Միասնական ազգային շարժման» անդամների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու մեջ։

Ուգուլավան ավելի վաղ «աբսուրդի գագաթնակետ» էր անվանել իր դեմ մեղադրանքները։ Փետրվարի 23-ին նա հարցաքննության համար ներկայացել էր Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն, բայց ոչ մի հարցի չէր պատասխանել՝ օգտվելով լռելու իրավունքից:

Եթե դատարանը Ուգուլավայի լիազորությունները դադարեցնելու որոշում կայացնի, քաղաքապետի պարտականությունները կստանձնի Սեւդիա Ուգրեխելիձեն: Նա Ուգուլավայի առաջին տեղակալ էր նշանակվել փետրվարի 22-ին, երբ պարզ էր դարձել վերջինիս ներկայացվող մեղադրանքների մասին: Ուգուլավան իր տեղակալ էր նշանակել նաեւ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին։  Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այդ նշանակումը «քաղաքական որոշում» էր անվանել: