Գիտնականները Չելյաբինսկի երկնաքարի ավելի քան մեկ կիլոգրամ զանգվածով բեկոր են գտել, հայտնել է գիտարշավի ղեկավար Վիկտոր Գրոխովսկին:
Երկնաքարի ամենախոշոր բեկորը գտնվել է անցած հանգստյան օրերին: Գիտարշավն անցկացվել է Եմանժելինկա եւ Տրավնիկի բնակավայրերում: «Ակտուալնո»-ն գրում է, որ այս պահին ավելի քան 100 բեկորներ են հայտնաբերվել:
Ամենամեծ հատվածի զանգվածը, որն ընկել է Չեբարկուլ լճում, գնահատվում է 200-500 կգ: Մի քանի տասնյակ կգ զանգվածով մեկ կամ երկու բեկորներ կարող էին ընկել Տրավնիկի գյուղի շրջանում: Բազմաթիվ մանր բեկորները կարող էին գտնվել 5 կմ դեպի հարավ ընկած տարածքում, կարծում են գիտնականները:
Հիշեցնենք, փետրվարի 15-ի առավոտյան Ուրալի բնակիչները երկնաքարի թռիչքի ականատես էին դարձել, ինչից հետո բռնկում եւ պայթյուն էր տեղի ունեցել, հազարից ավելի մարդ տուժել էր: Ուրալի դաշնային համալսարանի արշավախումբը Չեբարկուլ լճի շրջակայքում երկնաքարի բեկորներ էր գտել, քիմիական վերլուծությունը հաստատել էր նրանց ոչ երկրային ծագումը:




























