Ազգային ժողովն այն մարմինն է, որը կարող է քննարկել ցանկացած հարց, այդ թվում նաեւ հետընտրական գործընթացները` դրանց ներգրավելով երկուական պատգամավոր յուրաքանչյուր խմբակցությունից: Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նշելով, որ չկա որեւէ հայտարարություն, որը կվկայի քվերակության արդյունքների արձանագրությունների տակ հանձնաժողովի անդամների ստորագրությունների բացակայության մասին:
«Եթե եղել են ընտրակեղծիքներ, նշանակում է դրանց մասնակցել են խորհրդարանական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, բոլոր վստահված անձինք: Մենք հարգում ենք 539 հազար քաղաքացիների իրավունքը, ովքեր իրենց ձայնը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին եւ կոչ եմ անում ձեզ («Ժառանգության» անդամներին-խմբ) հարգել այն 861 հազար քաղաքացիների իրավունքը, ովքեր իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանի օգտին:
Ես շատ հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց այդ քարոզարշավի ընթացքում արեւմտյան տեխնոլոգիաները, որ կիրառվեց իր շտաբի կողմից՝ ողջունելի է: Հիմա անհասկանալի է, թե ինչ տեխնոլոգիա կկիրառվի հետընտրական զարգացումների համար: Ժամանակն է վերջ տալ զոռբայությանը, նստենք սեղանի շուրջ, խոսենք, ինչի՞ մասին է խոսքը: Ինձ թվում է, հասկանում եք, չէ՞, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն դրանք, ամբողջ ընդդիմության ձայներն են: Ես խնդրում եմ, հորդորում եմ, որ դուք էլ հարգեք մեր 861 հազար այն քաղաքացիներին, ովքեր իրենց ձայնը տվել են Սերժ Սարգսյանին»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նա նաեւ նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ընդդիմությունն ինչ տրամաբանությամբ է ասում, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ուղղակի մենք սպասում ենք, որ ԿԸՀ-ն կհայտարարի, դրանից հետո մենք պատրաստ ենք դեբատի»,-ամփոփեց ԱԺ նախագահը:




























