Եթե հայ հանրության ընդդիմադիր հատվածը բավական ողջամիտ լինի, կսկսի լրջորեն նախապատրաստվել Երեւանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին: Այդ դեպքում միանգամայն հնարավոր կլինեն արմատական փոփոխությունները: Այդ մասին այսօր՝ փետրվարի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Ընտրական ամբողջ գործընթացը կարելի է բաժանել երեք մասի. Իշխանություն՝ առանց որեւէ մտահոգության, ձայներ ստացած, բայց բավարար հնարավորություններ չունեցող թեկնածու եւ «մենք ասում էինք» կոչվող իրավիճակ», - նշել է Արամ Սարգսյանը:
Ըստ նրա՝ իշխանությունը վստահ էր, որ հաղթելու է: «Ինձ համար հատկապես անհասկանալի էին տաքսիստների եւ ատամնաբույժների նկատմամբ կառավարության քայլերը: Արդյունքում ժողովուրդն ընտրությունների միջոցով հայտնեց իր դժգոհությունը: Մարդիկ նաեւ հիասթափված էին, որ ընտրակաշառքը նախորդ ընտրությունների համեմատ այնքան էլ մեծ չէր», - ասել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդը:
Նա ընդգծել է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել էր հիմնականում այն քաղաքներում (Գյումրի, Նոր Հաճըն եւ այլն), որտեղ ընտրազանգվածի զգալի մասը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից են: «Րաֆֆի Հովհաննիսյանը միաժամանակ փորձ ունեցող եւ չունեցող գործիչ է: Նա նման իրավիճակներում համապատասխան փորձ չունի, եւ փորձառու է՝ 20-ամյա քաղաքական գործունեության առումով:
Մենք բազմիցս հայտնել ենք մեր դիրքորոշումը՝ Սերժ Սարգսյանին ներկայացնելով մեր պայմանները՝ աջակցության դիմաց: Րաֆֆի Հովհաննիսյանին մենք շատ ենք գնահատում, սակայն համամիտ չենք նրա տեսանկյան հետ: Բանն այն է, որ նա մտադիր է արմատապես փոխել մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը: Բայց մենք այս պահին չենք կարող վտանգի տակ դնել մեր երկրի անվտանգությունը», - ամփոփել է Արամ Սարգսյանը:




























