Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ Գալուստ Սահակյանի (ՀՀԿ), Ռուբեն Հակոբյանի («Ժառանգություն»), Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ) հանդիպումը:
Այդ հանդիպմանը քննարկվել է խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու հարցը, որտեղ կքննարկվի նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը:
Հանդիպումից հետո Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երկրում ստեղծվել է բավական լարված մթնոլորտ, ուստի իրենք առաջարկել են արտահեիթ նիստ հրավիրել եւ քննարկել ստեղծված իրավիճակը:
«Դեռեւս նրանք քննարկում են մեր առաջարկությունն իրենց ղեկավարության հետ, բայց մենք կարծում ենք, որ խորհրդարանը պարտադիր պետք է քննարկի այդ հարցը: ՀՀԿ-ն արտահերթ նիստ հրավիրելու հարցի վերաբերյալ իր որոշման մասին մեզ կհայտնի»,-ասել է նա:
Հարցին, թե չի՞ կարծում, որ խորհրդարանական այդ քննարկումը որեւէ արդյունքի չի հասցնի, քանի որ ԱԺ մեծամասնությունը պարզապես կտապալի արտահերթ նիստը, Հակոբյանը պատասխանել է. «Նախ սա այն հարցն է, որը պետք է քննարկվի խորհրարանում, սակայն կարելի է ակնկալել, որ խորհրդարանական մեծամասնությունը կարող է ընդունել ցանկացած որոշում այս հարցում: Ժողովուրդը պետք է տեսնի քննարկման գործընթացը եւ բոլոր խորհրդարանական ուժերի դիրքորոշումը: Դրանից կշահի միայն ժողովուրդը»:




























