Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, ավագանին այն ընդունել է ի գիտություն եւ ստորագրել է: Այս մասին

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը: Նա նշեց, որ դիմումը ուղարկվում է մարզպետարան, մարզպետարանից էլ` Կառավարություն: Նվեր Պետրոսյանը տեղեկացրեց, որ առավոտյան Արմավիրի մարզպետը գնացել է Արմավիրի քաղաքապետարան, ավագանու եւ աշխատակազմի ներկայությամբ շնորհակալություն է  հայտնել քաղաքապետին` աշխատանքի համար:

Հարցին, թե հնարավոր է մարզպետը եւս աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնի, օգնականը պատասխանեց, որ մարզպետը այս պահին աշխատավայրում է, առավոտյան եկել է աշխատանքի եւ մարզպետարանում նորմալ աշխատանքային մթնոլորտ է:

Նշենք, որ նախագահական ընտրություններից հետո սկսվել է պաշտոնանկությունների շքերթ: Այն մարզերում եւ քաղաքներում, որտեղ իշխանությունը պարտություն է կրել, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները աշխատանքից ազատվելու դիմումներ են գրում: Մինչ այդ հրաժարականի դիմում են գրել նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որոնց տարածքներում եւս Սերժ Սարգսյանը պարտվել է ընտրություններում Նախագահական ընտրություններում Արմավիր քաղաքում Սերժ Սարգսյանը 2864  ձայների տարբերությամբ պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: