Հայ-վրացական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հարցը դեռ չի լուծվել, սակայն, թեեւ դրա դժվարությանը, գործընթացը շարունակվում է: Այս մասին, փետրվարի 25-ին, լրագրողներին հայտարարել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

«Ես դրա մասնագետը չեմ, բայց պաշտոնի բերումով հանձնաժողովի անդամ եմ հանդիսանում: Ես պատկերացում անգամ չունեի, թե ինչքան դժվար է դա»,- նշել է դեսպանը: Նրա խոսքով` այդ հարցի դժվարությունը կապված է նրա հետ, որ շատ փաստաթղթեր վիճելի են կողմերի համար: «Ցավոք, ԽՍՀՄ-ն արժանի ուշադրություն չի դարձրել հանրապետությունների վարչական սահմաններին: Բայց հուսով եմ` շնորհիվ բարեկամական հարաբերությունների, պետությունները ելք կգտնեն դժվար իրադրությունից դուրս գալու համար եւ կավարտեն գործընթացը»: Թենգիզ Շարմանաշվիլիի խոսքով` ներկա պահին սահմանի մոտ 60% վեճ չի առաջացնում, իսկ մոտ 40%-ը հստակեցման կարիք ունի:

Անդրադառնալով երկու պետությունների միջեւ սահմանային խախտումների հարցին` դեսպանը նշել է, որ պատահական խախտումների դեպքում, օրինակ, եթե հովիվը մոլորվում է, նրան ուղղակի հետ են վերադարձնում: Իսկ եթե խախտումը միտումնավոր է արվել, այդ դեպքում սահմանախախտն օրենքով պատասխան կտա:Սակայն պետական սահմանի խախտումների դեպքերը շատ չեն: Եթե այդպիսի հարցեր ծագեին, մենք կխորհրդակցեինք Հայաստանի Արտաքին գործերի նախարարության հետ: Բայց այժմ խախտումների քանակը չի հասել նրան, որ խորհրդակցության կարիք լինի, նշել է դեսպանը: