Ժողովրդի համբերության բաժակը լցված է, եւ նա անհապաղ քայլեր է պահանջում: Սակայն հասկանալի է, որ ներքին քաղաքական պայքարն անհրաժեշտ է զարգացնել միայն իրավական միջոցներով: Մենք ողջունում ենք նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նման հայտարարությունները: Այդ մասին այսօր՝ փետրվարի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Ըստ նրա` այժմ ընդդիմության նոր առաջնորդի ուսերին մեծ պատասխանատվություն է դրված: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա ճիշտ խաղալ իր դերը, նրան կհաջողվի նոր քաղաքական իրավիճակ ստեղծել: Նա պետք է ճիշտ քաղաքական հաշվարկներ անի եւ հիմնավորված քայլերի դիմի:  Ոչ ոք չէր սպասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան ձայն կհավաքի, նա եւ նրա թիմը պատրաստվել էին հաջորդ ընտրություններին: Այդ մասին վկայում է նաեւ այն, որ շատ ընտրատեղամասերում նա նույնիսկ վստահված անձինք չի ունեցել: Դրանով էր պայմանավորված, որ նրանք չեն կարողացել պաշտպանել իրենց բոլոր ձայները», - նշել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավարը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am