Անցած նախագահական ընտրությունների որակը շատ բանով ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վաստակն է: Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով` փետրվարի 18-ին տեղի ունեցած ընտրություններն զգալիորեն տարբերվում էին նախորդներից: «Գլխավոր տարբերությունը մթնոլորտն էր, որի համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ընդդիմության առաջնոդին»,-ասել է նա` նկատի ունենալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պաշտոնական տվյալներով ստացել է մոտ 37 տոկոս ձայն:
«Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի այն դրական միտումները, որոնք նկատվել են թեկնածուների վարքում, շարունակվեն»,-հավելել է Արտակ Դավթյանը:
Միաժամանակ, նա պարզաբանել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված շնորհակալությունը վերաբերում է նախընտրական շրջանին: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ընտրություններում ինքն է հաղթել, Դավթյանը ավելարոդ զգացմունքների արտահայտություն է համարում: «Եկել է ժամանակը վայելելու բարության պտուղները, որը նա ցանել է: Հույս ունեմ, որ առողջ դատողությունը կհաղթի»,-ընդգծել է ՀՀԿ-ական պատգամավորը:




























