Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն առաջարկել է խորհրդարանական հատուկ հանձնաժողով ստեղծել՝ Միխայիլ Սահակաշվիլիի հանցագործությունները հետաքննելու համար:
«Վրաստանի խորհրդարանում արդեն ժամանակն է ստեղծել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ նրա թիմի կատարած հանցագործությունները քննող հանձնաժողով: Սահակաշվիլիի վարչակարգը պետք է դատապարտվի Վրաստանում», - այսօր լրագրողներին ասել է Շեւարդնաձեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ Վրաստանի նախկին նախագահ Շեւարդնաձեն առաջին անգամ չէ, որ քննադատում է Սահակաշվիլիին եւ նրա գլխավորած «Միասնական ազգային շարժմանը»: Նախքան Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանքի» իշխանության գալը, նա ակտիվ քարոզչություն էր ծավալում Իվանիշվիլիի օգտին եւ Սահակաշվիլիի տապալման կոչ անում:




























