Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբն առաջիկայում կքննարկի Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Ցավոք սրտի Սահմանադրական դատարանը երբեւէ արդարացի որոշում չի կայացրել եւ նույնիսկ 2003-ին ինչ-որ դրական որոշում էլ, որ կայացրեց, որը վերաբերում էր 2004թ-ի վստահության հանրաքվե անցկացնելուն, հետագայում ասացին դա խորհրդատվական բնույթ է կրել: Այնինչ` Սահմանադրական դատարանը խորհրդատվական բնույթի գործառույթ չունի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց, որ խորհրդատվականի համար կան իրավաբանական տարբեր ֆիրմաներ, որոնք խորհրդատվություն են մատուցում: «Սահմանադրական դատարանը վճիռ է կայացնում, որն անբեկանելի է Հայաստանի Հանրապետությունում: Երբ արդեն վերջնական որոշումը կայացվի շտաբի նիստ կանենք եւ այդ ժամանակ արդեն պարզ կլինի կդիմենք, թե` ոչ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























