2013թ. Հայաստանի նախագահական ընտրությունների մթնոլորտը տարբերվում էր բոլոր մնացածներից, եւ դրանում մեծ դեր ունի ընդդիմությունը` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը՝ նշելով, որ այդ առումով հարկավոր է շնորհակալություն հայտնել Ր. Հովհաննիսյանին: 

«Համենայն դեպս, ես շնորհակալ եմ նրան, քանի որ աննշան բացառություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի ճառերը լեցուն են բարությամբ եւ քաղաքացիներին ապագայի հույս են ներշնչում», -  ասել է Արտակ Դավթյանը:

Ինչ վերաբերում է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու Ր. Հովհաննիսյանի պահանջին, Դավթյանը նշել է, որ Հովհաննիսյանը գերմարդ չէ, իսկ զգացմունքայնությունը լավագույն ուղեկիցը չէ:  Ըստ նրա` ճիշտ կլիներ, որ «Րաֆֆի Հովհաննիսյանը չգնար ծեծված ճանապարհով»: Նա նշել է նաեւ Հովհաննիսյանի օգտին տրված ձայների պահպանման անհրաժեշտությունը` Երեւանի ավագանու  եւ տեղական ինքնակառավարման մարմինների սպասվող ընտրությունների տեսանկյունից: Դավթյանը հույս է հայտնել, որ Ր. Հովհաննիսյանը չի դառնա սեփական խոսքերի գերին եւ կշարունակի իր ուղին, որին հետեւում էր սկզբնապես: 

Հանրապետական պատգամավորը վստահ է, որ փետրվարի 18-ին տեղի ունեցած խախտումները չէին կարող ազդել նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Նա իր խոսքերը փաստարկում է նրանով, որ «Ժառանգության» բոլոր ներկայացուցիչներն ընտրական հանձնաժողովներում ստորագրել են  վերջնական արձանագրությունները: Դավթյանը չի հասկանում, թե ինչ հիմունքով է արվում ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթելու մասին հայտարարությունը:

Նա նաեւ նշել է, որ Ր. Հովհաննիսյանը հաղթել է այն համայնքներում, որտեղ տեղական իշխանությունները բացթողումներ էին թույլ տվել,ինչ հետեւանքով այդ  վայրերի բնակիչների մոտ  իշխանությունների նկատմամբ համապատասխան վերաբերմունք էր ձեւավորվել: Այդ առումով նա ողջունել է տեղական իշխանությունների այն ներկայացուցիչներին, որոնք հրաժարական են տվել: Մեկնաբանելով հարցը, թե կապված չեն արդյոք այդ պաշտոնյաների հրաժարականները գործող նախագահի համար  ձայների մեծ տոկոս չապահովելու հետ, Դավթյանը նշել է, որ այդ հարցն անտեղի է: Նա նշել է, որ այդ պաշտոնյաներին  պաշտոնանկ չեն արել, նրանք անձամբ են  ընդունել իրենց սխալները եւ հրաժարական տվել:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am