ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն ինքն էլ 25 տարի առաջ մասնակցել է ուսանողական դասադուլների եւ կարծում է, որ նման գործողությունները քաղաքացիների իրավունքների համար պայքարի շրջանակներում են: Այս մասին նա հայտարարել է այսօր` փետրվարի 25-ին, մամուլի ասուլիսում` մեկնաբանելով ԵՊՀ դիմաց կազմակերպված բողոքի ակցիան, որի ժամանակ ուսանողներին կոչ են արել դասադուլի ելնել` իրենց բողոքն արտահայտելով կեղծված ընտրությունների դեմ:

Սակայն, ըստ Դավթյանի, 25 տարի առաջ իրողությունները տարբերվում էին ներկա վիճակից, մասնավորապես, այն ժամանակ սեփական դիրքորոշումն արտահայտելու այլ միջոցներ չկային, իսկ հիմա միջոցները բազմազան են:

ՀՀԿ-ական պատգամավորը նշել է, որ դասադուլը միայն առիթ է դասերի չգնալու համար: «Բայց եթե ուսանողները վստահ են իրենց ճշմարտացիության մեջ եւ իրենք չունեն այլ միջոցներ իրենց տեսակետն արտահայտելու, ապա նրանց պայքարի յուրաքանչյուր մեթոդ մենք պետք է ընդունենք որպես սեփական դիրքորոշումն արտահայտելու միջոց»,-ասել է Դավթյանը:

Հիշեցնենք, որ այսօր հայկական բուհերի մոտ ուսանողների բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց մասնակիցները բոլոր ուսանողներին կոչ են արել միանալ դասադուլին` իրենց բողոքն արտահայտելով կեղծված ընտրությունների դեմ:

Երիտասարդները սկզբում բողոքի ակցիա են կազմակերպել ԵՊՀ-ի դիմաց, հետո երթով գնացել են մյուս բուհերի մոտ:

Միաժամանակ Հայաստանի ԿԳՆ-ն հայտարարել է, որ բուհերում դասերն ընթանում են նորմալ ռեժիմով:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am