Բացարձակ անընդունելի եմ համարում դասադուլի կոչերն ու կազմակերպումը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքով `հետընտրական փուլում ընդդիմադիրները նախկինում մշտապես իշխանությանն ապօրինության համար քննադատելով`պատրաստ են իրենք ապօրինությունների գնալ, միայն թե արդյունքի հասնեն:
«Ահավասիկ, աշակերտներին, ուսանողներին դասից հանելը, հանդիպումների տանելը մշտապես եղել է ընդդիմության կռվաններից մեկը, սակայն, այս ընտրություններում իշխանությունը չգնաց որեւէ խախտման, կամ օրենքով չթույլատրվող քայլի, այդ թվում` ոչ մի հանդիպման, ժողովի, հանրահավաքի մասնակցելու համար որեւէ ուսումնական հաստատության դասընթացը չի խաթարվել, ոչ մի աշակերտի կամ ուսանողի դասերը խանգարելով հանրահավաքի մասնակից չենք դարձրել: Բայց պարզվում է, որ մեծ պատրաստակամությամբ դրան է գնում ընդդիմությունը, քանզի ինչ գնով ուզում է լինի ձգտում է լարվածության էսկալացիա ապահովել:
Եվ սա վերաբերում է ոչ միայն դասադուլի կոչերին եւ կազմակերպմանը, այլ նաեւ այլ գործընթացների, որոնք այսօր իրականացնում է է ընդդիմությունը` չթույլատրված հանրահավաքներ, երեւույթների կեղծ մեկնաբանություններ եւ այլն:
Այստեղ է ծագում այս հարցը` բոլոր ընդդիմադիր ուժերը նախընտրական քարոզչության մեջ գլխավոր դրույթների շարքում առաջնությունը տալիս էին օրենքի գերակայությանը, օրինականության ապահովմանը, բայց իշխանություն գրավելու կռվում անմիջապես դիմում են ապօրինի, անօրինական քայլերի: Այդ ընդդիմադիրների համար պարարտ հողը սպառվել է, երբ իշխանությունը հռչակվել եւ իրագործել է իր քաղաքական կամքը` գործել բացառապես օրինավոր միջոցներով»,-հայտարարել է Նաղդալյանը:



























