Սուրենյան փողոցի մի խումբ բնակիչներ փետրվարի 23-ին Սուրենյան փողոցում գտնվող Հ. Պարոնյանի պուրակում կազմակերպեցին մանկական նկարների ցուցահանդես «Մանուկներ, արեւ, ծառեր» խորագրով` ընդդեմ պուրակի մի հատվածի ապօրինի օտարման եւ մասնավոր կառուցապատման:
Սուրենյան փողոցի մի խումբ բնակիչների տարածած հայտարարության մեջ ասվում է. «Շատ ցավալի է, երբ արդեն երեխաներն են դուրս գալիս պայքարի եւ ձեռք ձեռքի տված` պահանջում արդարություն, ծառեր ու թթվածին: Ցավալի է, երբ երեխաները ծառ ու արեւ նկարելու փոխարեն նկարում են բուլդոզերներ, որոնք արմատախիլ են անում ծառեր, անիվների տակ ճզմում խոտ ու ծաղիկ, թիթեռ ու թրթուր:
Երեխաների հոգու այս ճիչը, որը լուսաբանում էին մի շարք ԶԼՄ-ներ, հասավ տեղ, եւ ցուցահանդեսի ավարտին տեղի ունեցավ հանդիպում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Ղազարյանի, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Արթուր Ստեփանյանի եւ բնակիչների միջեւ: Լրագրողների եւ բնակիչների միջեւ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՏԻՄ ղեկավարը եւ ՀՀ ԱԺ պատգամավորը խոստացան, որ հարցը կլուծվի հօգուտ հանրության, եւ ապօրինի կառուցապատում տեղի չի ունենա, իսկ տարածքը շղթայած ցանկապատը կապամոնտաժվի եւ կվերադարձվի բնակիչներին, տեղում կկառուցվի մանկական խաղահրապարակ եւ հանգստի վայր, չի կտրվի եւ ոչ մի ծառ, որից հետո բնակիչները պատրաստակամություն հայտնեցին իրենց ուժերով անհապաղ ապամոնտաժել շինարարական ցանկապատը: Բոլոր ներկա բնակիչները, երեխաները միասնական ուժերով, առանց վնասելու ծառերը եւ կառուցապատողի սեփականություն հանդիսացող ցանկապատը, ապամոտաժեցին եւ ըստ հարգի դասավորեցին այն պուրակի մի անկյունում:
Տարածքը փաստացի վերադարձվեց հանրությանը: Զզվելի ցանկապատը փշրվեց: Սակայն իրավական ցանկապատը դեռեւս անտեսանելի շրջապատում է ազատագրված պուրակը: Քանի դեռ այն սեփականաշնորհված է մնում, միշտ առկա է վտանգ, որ կգա մեկ ուրիշ ագահ կառուցապատող` կացինը ձեռքին ու կասի` Էս սարն իմն է, էս ծառն իմն է… Բայց բնակիչները ձեռք են առնում բոլոր միջոցները նման սցենար թույլ չտալու եւ վերադարձը նաեւ իրավական իրողություն դարձնելու համար: Այդ հարցում նրանք ակնկալում են անկախ ԶԼՄ-ների, բնապահպանական նախաձեռնությունների եւ պարզապես Երեւանի խնդիրներով մտահոգ քաղաքացիների աջակցությունը, որոնք արդեն շուրջ 1 տարի է կողք կողքի պայքարել են իրենց հետ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին ժամը 13:30-ին Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում»:



























