Թբիլիսիի քաղաքային դատարանն, այսօր` փետրվարի 25-ին, չի բավարարել Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը` Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի վերաբերյալ: Դատախազությունը միջնորդել է, որ Ուգուլավայի նկատմամբ խափանման միջոց կիրառել մեկ մլն լարի (մոտ 600 հազար դոլար) գրավը: Բացի այդ, դատարանը չի դադարեցրել Ուգուլավայի լիազորությունները որպես քաղաքապետ, ինչպես նաեւ չի արգելել ցանկության դեպքում դուրս գալ երկրից:
«Դատարանի որոշումն ինձ համար տրամաբանական էր, քանի որ մեղադրող կողմը նման պահանջներ ներկայացնելու համար ոչ մի հիմք չուներ»,-հայտարարել է Ուգուլավան «Ռուսթավի-2»-ի ուղիղ եթերում: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` քաղաքային դատարանի շենքի մոտ այդ ընթացքում ի պաշտպանություն Ուգուլավայի ցույց է տեղի ունեցել:
Նախքան դատական նիստը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թբիլիսիի դատարանին առաջարկել որպես գրավ վերցնել կամուրջները, շենքերն ու ճանապարհները, քանի որ Ուգուլավան 1 մլն լարի չունի:
«Մեր կառավարությունը միլիոններ չի դիզել… Դա ներկա կառավարության երեւակայության արդյունքն է, որի ներկայացուցիչները փողեր են սարքել 1990-ականներին եւ չեն կարող պատկերացնել, որ մենք դրանով չենք զբաղվում ու դրա համար մեզ հիմարներ են համարում… Ուգուլավան կամուրջներ, էստակադաներ, նոր շենքեր, թատրոններ է կառուցել եւ թող դատարանը դրանքվ գրավ վերցնի…»,-այսօր դատական նիստից առաջ հայտարարել է Սահակաշվիլին:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային մեղադրում են առանձնապես խոշոր չափերի յուրացման եւ փողերի լվացման, «Իմեդի» հեռուստաընկերությունը յուրացնելու եւ բյուջեի միջոցների հաշվին «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ֆինանսավորելու մեջ:




























