Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն առաջարկում է ոստիկանական զորքերին տալ հասարակական կարգը պահպանելու եւ հասարակական անվտանգությունն ապահովելու ինքնուրույն լիազորություններ: Այդ նպատակով ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստի օրակարգ է մտել «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ:
Ներկայում ոստիկանական զորքերը փաստացի իրականացնում են պարեկապահակային ծառայություն, սակայն դա պարտավոր են անել, ոչ թե ինքնուրույն, այլ ոստիկանության այլ մասնագիտացված ստորաբաժանումների հետ (օրինակ` պարեկապահակակետային ծառայության գնդի):
Ոստիկանության ներկայացրած բացատրագրում նշված է, որ ոստիկանության զորքերի զինծառայողների կազմը փոխվել է` ոստիկանության զորքերում ծառայության են անցնում պայմանագրային զինծառայողները, հետեւաբար` նրանք կարող են հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման գործառույթն իրականացնել ինքնուրույն:



























