ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանին նաեւ որպես «Սեւ Հովազ» են ճանաչում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ռուստամ Գասպարյանը եւ ավելացրեց, որ դա ոչ թե իր մականունն է, այլ մարտական անունը: Նա փոխանցեց, որ Արցախյան պատերազմի ժամանակ իր գլխավորած  ջոկատին «Սեւ Հովազ» էին կոչում:

«Դե ես էլ ջոկատի հրամանատարն էի, դրա համար էլ ինձ այդպես էլ կոչում էին: Ինչ վերաբերում է անվան պատմությանը, ինչպես գիտենք, հովազը ամենաճարպիկ կենդանիներից մեկն է, իսկ սեւը վրեժխնդրություն է նշանակում: Մեր ջոկատի բոլոր տղաների համար հովազի նշան ունեինք սարքած, որը կպցնում էին իրենց կրծքին: Կրծքներին հովազ էր, թիկունքում Մասիսը, որը գազազած նայում էր դեպի աջ` Ադրբեջան»,- պատմեց Ռուստամ Գասպարյանը, հավելելով, որ բացի այդ, իրենց ջոկատը միշտ գիշերային դիվերսիոն գործողություններ է իրականացրել` մթի, սեւի մեջ:

Նրա խոսքով` իր ջոկատի տղաները պատերազմից հետո էլ մտել են ՊՆ կառույց որպես առանձին գումարտակ եւ մինչեւ այսօր Կրասնոսելսկի ամբողջ դիրքերը «Սեւ Հովազի» տղաներն են պաշտպանում:

Հարցին, թե ո՞վ է իրենց «Սեւ Հովազ» անունով կոչել, Ռուստամ Գազպարյանն արձագանքեց. «Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով երկրի նախագահն ու գերագույն գլխավոր հրամանատարն էր: Նա մեր ակտիվության, մարտական գործողությունները գնահատելով մեզ կնքեց «Սեւ Հովազ» անունով ու այդպես էլ մնաց»: