Հայաստանի պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել «ցնցող» տեղեկատվությունը ...ադրբեջանական ԶՈւ կողմից ութ հայ հետախույզների գերի վերցնելու մասին:
«Նման հիմարությունները չեմ մեկնաբանում»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ մեկնաբանության համար դիմելու առիթը արբեջանական եւ ռուսաստանյան լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումն էր: Ալիբեյլի գյուղի բնակիչների տվյալներով` փետրվարի 22-ին իբր ութ հայ հետախույզներ են գերեվարվել ադրբեջանական զինվորականների կողմից: Տվյալներն անգամ չեն հաստատվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, որի ղեկավարի տեղակալն ասել է, որ գերիների մասին որեւէ տեղեկատվություն չունի:
Որեւէ կերպ չցանկանալով նպաստել նման հիմարությունների տիրաժավորմանը, միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ադրբեջանական ԶԼՄ-ների էժան հնարքին զոհ են գնացել նաեւ ռուսաստանյան լրատվամիջոցները: Իրենց ո՞ր «երանելի երազում» են Ալիբեյլիի բնակիչները տեսել միանգամից ութ հայ հետախույզների: Այն դեպքերում, երբ հայկական կողմը գերի է վերցնում հարեւան երկրի բանակի` գրոհի փորձ իրականացրած ներկայացուցիչներին կամ երբ հայկական կողմում մնում են դիվերսանտների դիակները, այդ մասին անհապաղ տեղեկացվում են միջազգային կառույցները: Այստեղ չնայած որ խոսքն ամբողջ 8 գերու մասին է, տեղեկատվությունը հայտնի է միայն ալիբեյլցիներին: Միանգամից ութ հայ հետախույզ գերի վերցնելու դեպքում ադրբեջանական ժողովրդի «երիտասարդ հայրը» սեփական բանակն անհապաղ կհռչակեր աշխարհում ամենամրցունակը:




























