Թուրքիայի մայրաքաղաքում` Անկարայի Կարմիր մահիկի շրջանում ադրբեջանա-թուրքական ազգայնականների գումարներով սնվող ASIMDER կոչվող հակահայկական կազմակերպության կողմից Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու համար բացված տաղավարը ենթարկվել է հարձակման:

Թուրքական Anadolu գործակալությունը փոխանցում է, որ Անկարայում Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու համար բացված տաղավարի դեմ հարձակում է տեղի ունեցել: Նշվում է, որ տաղավարը կոտրած խմբավորման անդամները քարերով եւ մահակներով ծեծել են ստորագրություն հավաքողներին: Գրեթե բոլոր լրատվամիջոցները հայտնել են վնասվածքներ ստացած 7 հոգու մասին:

Հակահայկական եւ հակաքրդական հրապարակումներով հայտնի սկանդալային habervaktim.com կայքը պնդել է, թե տաղավարի դեմ հարձակվողները եւ 7 հոգու դաժան ծեծի ենթարկողները բղավել են. «Բոլորս հայ ենք», «Բոլորս քուրդ ենք»:

Թուրքական Komen ամսագրի խմբագրությունը հայտարարություն է տարածել` շեշտելով, թե «Երկնագույն գայլ թյուրքերի, թուրանականների միության» կողմից Խոջալուի այսպես ասած «կոտորածի» հիշատակի համար տեղադրված տաղավարը ենթարկվել է կոմունիստների հարձակմանը: «Մեր դատի ընկերներից 7 վիրավորվել են, որոնցից 2-ի վիճակը ծանր է: Բաց ասում ենք` թափված արյունը գետնին չի մնա»,-նշվել է հայտարարության մեջ:

Իսկ ահա, Gazeteguncel.com կայքի փոխանցմամբ` Էրզրումի կենտրոնում կրկին Խոջալուի դեպքերի հետ կապված տաղավար եւ նկարներ ներկայացնող ASIMDER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը նշել է, թե Խոջալուի համար Անկարայում իրենց բացած տաղավարը ենթարկվել է PKK-ի կողմնակիցների հարձակմանը, որի ընթացքում վիրավորվել են իրենց 7 ընկերները:

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ