Հանրապետության մի շարք փոքր խանութներ շարունակում են հացը ստանալ առանց փաթեթավորման ու մակնշման, որոշ դեպքերում էլ՝ մեքենայի բեռնախցիկից։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց տեսչությունը հաճախ է իրականացնում ստուգումներ, իսկ անբարեխիղճ տնտեսվարողները տուգանվում են մինչեւ 30 հազար դրամով։

Համաճարակաբան Մարգարիտա Պետրոսյանի վստահեցմամբ՝ իրավիճակն այնպիսին է, որ յուրաքանչյուր պահ հնարավոր է համաճարակ սկսվի։ «Իրավիճակն ահավոր է։ Այո, մինչ այս համաճարակներ չեն եղել հացի կեղտոտության պատճառով, բայց եղել են համաճարակներ, որոնց պատճառները չեն բացահայտվել։ Համաճարակը կարող է կրել ոչ զանգվածային բնույթ, բայց բազմաթիվ թունավորումների պատճառը, ով գիտե, գուցե հենց կեղտոտ հացի պատճառով է»»,- մեջբերում է «Առավոտը»։