Հայ ազգային կոնգրես դաշինքը չկա եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն էլ դրա մաս չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետորս Մակեյանը` շեշտելով, որ իրենք դա վաղուց են արձանագրել, ուղղակի հանրությունն այս երկու օրը արձանագրեց: Դիտարկմանը, թե իսկ ինչո՞ւ չեք հայտարարել ՀԱԿ-ից դուրս գալու մասին, նա նշեց. «Դաշինքը այլեւս չկա, ի՞նչ հայտարարենք Դաշինքից դուրս գալու մասին»:
Պետրոս Մակեյանն ասաց, որ փետրվարի 16-ի իրենց համագումարի բանաձեւում ձեւակերպել էին, որ դաշինքը կազմաքանդվել է, եւ տվյալ դեպքում կուսակցությունն իր գործունեության մեջ լրիվ ազատ է, կարող են համագործակցել այն ուժերի հետ, որոնք խնդիր են տեսնում երկրում սահմանադրական կարգ հաստատելու: «Մեկ ամիս առաջ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ 28 հոգին նախաձեռնել են ՀԱԿ անունով կուսակցության ստեղծումը, այդ պահից փաստացի արձանագրվեց, որ այլեւս Դաշինք գոյություն չունի, թեեւ օրեր առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ փաստորեն մի տարի առաջ էլ դաշինքը գոյություն չի ունեցել»,- ասաց Պետրոս Մակեյանը:
Հարցին, թե Կորյուն փողոցի վրա գտնվող ՀԱԿ դաշինքի գրասենյակն այժմ դառնալու է ստեղծվելիք ՀԱԿ կուսակցության գրասենյա՞կը, նա պատասխանեց, որ դա եղել է առաջին նախագահի գրասենյակը, որը հետո ծառայել է ՀԱԿ դաշինքին, իսկ թե հիմա ում կծառայի, չգիտեն, իրենք կիմանան:
Ինչ վերաբերում է ՀԱԿ քաղխորհրդին, Պետրոս Մակեյանն ասաց, որ ինքը նման կառույց այլեւս չգիտի, բայց չի բացառվում, որ ժողովրդական լեզվով ասած` սկսեն ինչ-որ բան մոգոնել: «ՀԱԿ քաղխորհրդի նիստերը վաղուց չկան, առանց քվորման երբ մի քանի նիստ արել էին, նկատել էին, որ քվորում չկա, այդ հարցը բարձրացրել էին ու հետո հայտարարել են արձակուրդ»,- նշեց նա:
Կուսակցության ղեկավարն ասաց, որ իրենք փորձել են պայքարել ՀԱԿ դաշինքը պահպանելու համար, բարեփոխումների փաթեթ են մշակել, ուժերի հետ խորհրդակցություններ սկսել. եւ հենց այդ պատճառով էլ երեւի իրենց կուսակցության դեմ սկսվեց հարձակումները: «Այդ պայքարի հետեւանք էր, որ մեր կուսակցությունը 25 տարի է, մարդկային բոլոր ճանապարհներն անցել էր, բայց հետո խնդիրներ առաջացան: Պայքարեցինք, փորձեցինք ինչ-որ բան անել, պահել դաշինքը, բայց ՀԱԿ նոմենկլատուրան եւս փորձում էր պահել, բայց իրենց ուզած ձեւով, որ այնտեղ բոլորը ստրուկ լինեն, քաղաքական գործիչ չլինի, մենք ուզում էինք, որ ամեն մի միավորը որոշող լինի, որոշումների ընդունման մեխանիզմ լինի, ազդեցություն ունենա, իսկ այնտեղ վերջին տարիներին ձեւավորվել էր հպատակների համակարգը»,- նշեց նա` շեշտելով, որ ՀՀՇ համագումարից հասկացան, որ առաջին նախագահն արդեն մի տարի առաջ որոշել է ՀԱԿ դաշինքը վերացնել, դրա համար հայտարարել է, որ դե ֆակտո մի տարուց ավել ՀԱԿ դաշինքը չկա:
Պետրոս Մակեյանը նշեց, որ հանդիպել են ՀԱԿ անդամ կուսակցությունների շատ ղեկավարների հետ, բոլորը վրդովված են, անակնկալի են եկել: Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ՀԱԿ դաշինքի անդամ կուսակցությունները միավորվեն եւ նոր ուժ ստեղծեն, Պետրոս Մակեյանն արձագանքեց, որ մարդկայնորեն կարող են հավաքվել, բայց գործունեության համար ռեսուրսներ են պետք, գրասենյակներ, շարժվելու հնարավորություն, «իսկ այդ հնարավորություններն այսօր մնացած ուժերի մոտ չի երեւում»:
«Հիմա փառք աստծո ժողովուրդն ըմբոստացել է, ոտքի է կանգնել, կուսակցության քաղխորհուրդը հայտարարեց, որ աջակցում է այս շարժմանը, կյանքը ցույց կտա` ինչ զարգացումներ կլինեն»,- նշեց Մակեյանը` հավելելով. որ տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, որ ՀԱԿ կուսակցությունները միավորվեն նոր դաշինքով, բայց պետք է ունենան այդ հնարավորությունները:
Թե ինչ կլինի ՀԱԿ խմբակցության հետ, Պետրոս Մակեյանն ասաց, որ բաժանվել են 7 մասի, 7 հոգի են, 7 երգ են երգելու: Հարցին, թե պատրաստվո՞ւմ եք մասնակցել մարտի 1-ին կայանալիք ՀՀՇ-ի հանրահավաքին, նա նշեց, որ այդ օրն անպայման ծաղիկներ է դնելու Մյասնիկյանի արձանի մոտ:
Նշենք, որ մարտի 1-ին Մյասնիկյանի մոտ հանրահավաք է հրավիրել Րաֆֆի Հովհաննիսյանը:



























