Օտարերկրյա գործընկերների նկատմամբ ամենայն հարգանք տածելով` հայ առաջնորդը պետք է ամենից վեր դնի սեփական ժողովրդի շահերը: Այդ մասին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Մեծամորի ընտրողների հետ հանդիպմանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Նա Մեծամորի բնակիչներին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ: Թեեւ, ըստ Հովհաննիսյանի, պաշտոնական տվյալներով ինքն ու Սերժ Սարգսյանը քաղաքում հավաքել են 48-ական տոկոս, բոլորին էլ հասկանալի է, որ ժողովրդի իշխանությունը վերադառնում է Մեծամոր: «Ապահովե՞ց քաղաքապետն այստեղ իր իշխանությունը: Թող մտածի: Երկու ամիս առաջ ոչ ոք չէր հավատում: Ասում էին` հայ ժողովուրդը կոտրված եւ ահաբեկված է: Բայց Մեծամորի ժողովուրդը հավատաց: Եւ հավատացեք, չկա ավելի մեծ ուժ, քան այդ հավատն է»,- ասել է նա:
Աշխարհի շատ ուժեղներ փորձում են պատկերացնել, թե ինչպես Հայաստանի բնակիչները կարողացան հասնել ժողովրդի հաղթանակի, վերադարձնել ժողովրդի իշխանությունը: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ում ես շատ հարգում եմ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին շտապեցին Երեւան ուղարկել իրենց շնորհավորանքները: Բայց, ես այդ մասին ասել եմ նաեւ Ռուսաստանի դեսպանի հետ զրույցում, Ոչ Պուտինը, ոչ Քերրին, ոչ Բարոզուն չպետք է այնպես անեն, որ խախտվեն Մեծամորի, Արմավիրի, Հայաստանի բնակիչների իրավունքները: Թող ոչ ոք ինչ ամերիկյան, արեւմտյան, ռուսական ժողովրդավարության դասեր չտա: Ես ծառայում եմ իմ ժողովրդին»,- հավելել է Րաֆֆի Հովհաննիսյանը:




























