Արմավիրի մարզ կատարած այցելության ընթացքում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջել է Արմավիրի մարզպետի եւ Արմավիրի ավագանու հրաժարականը: Վաղը, ըստ նրա, նույն ճակատագրին կարժանանա Սյունիքի մարզպետը:

Արմավիրի բնակիչների հետ հանդիպմանը Հովհաննիսյանը նշել է, թե իր կյանքի իմաստն այսուհետ լինելու է իրավիճակի փոփոխությունը երկրում: «Այլեւս ոչ մի արտագաղթ, աղքատություն, մենք պետք է փոխենք իրավիճակը, եւ այսուհետ դա լինելու է իր կյանքի իմաստը»,- ասել է նա եւ հավելել. «Ես ձեր ծառան եմ, եւ պատասխան են տալու ձեր առջեւ»:

Րաֆֆի Հովհաննիսյանն Արմավիրի բնակիչներին կոչ է արել «չվախենալ», քանի որ «սա մեր երկիրն է, այլ ոչ ինչ որ մեկի սեփականությունը»: «Ձեր քաղաքապետը գոնե նվազագույն տղամարդկություն ունեցավ, հրաժարական չտվեց, եւ ես ողջունում եմ այդ քայլը: Նրա օրինակով ժողովուրդն ու ես` ձեր ծառան, պահանջում ենք Արմավիրի մարզպետի եւ Արմավիր քաղաքի ավագանու հրաժարականը: Իսկ վաղը կպահանջենք Սյունիքի մարզպետւ հրաժարականը: Դա երկար պայքար է, եւ ես կոչ եմ անում ձեզ պատրաստ լինել դրան»,- նշել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այցելում է Արմավիր, Մեծամոր, Էջմիածին, Արտաշատ, Սուրենավան, Արենի, Եղեգնաձոր եւ Վայք:

 

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am