Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը աշխատանքից ազատվելու դիմում գրելու մտադրություն չունի եւ ոչ էլ նման հարց է դրված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  ասաց Աշոտ Ղահրամանյանը: «Բայց ինչի՞ պիտի ես դիմում գրեմ դուրս գամ աշխատանքից, ես իմ աշխատանքը շատ լավ կատարում եմ: Մարզի ցուցանիշը 54,8 տոկոս է, ի՞նչն է ցածր, բոլոր դեմոկրատական երկրներում որ 49- 51 տոկոս է լինում, ասում են` շատ լավ է, մերը 54,8 է, ի՞նչ է եղել»,- նշեց նա: Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ իրենց մարզում Սերժ Սարգսյանը ստացել է ավելի քան 54,8 տոկոս ձայնը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 39 տոկոս: «Արմավիրի մարզում մեր նախագահը ցածր տոկոս չի ստացել, այնպես որ ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց մարզպետը` նշելով, որ իր պաշտոնանկության հետ կապված ոչ մի խոսակցություն չկա եւ չի կարող լինել: Աշոտ Ղահրամանյանը շեշտեց, որ իրեն ՀՀԿ-ում որեւէ բան չեն ասել, նման խոսակցություններ իր հետ չեն եղել եւ նման հարց չի քննարկվել:

Անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` Արմավիր այցելությանը, հանրահավաքներ անցկացնելուն, մարզպետը շեշտեց, որ վերջինս Սահմանադրությունն է խախտում եւ չարտոնված հանրահավաք է անցկացնում: «Հետո ի՞նչ, որ անում է, քանի՞ մարդ է հավաքվում: 70-ից ավել մարդ ինքը իր հետ բերում է Երեւանից մեքենաներով, դա նշանակում է ի՞նչ, մնացած մասն էլ ուղղակի զուտ հետաքրքրությունից  ելնելով, ի՞նչ հանրահավաք»,- ասաց Արմավիրի մարզպետը: Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը  արտոնված չէ, բայց մարզային իշխանությունը չի փորձել խոչընդոտել: «Չենք փորձում խոչընդոտել, դրա անհրաժեշտությունն էլ չկա»,- նշեց նա: