Ադրբեջանահայերի ասամբլեան Սումգայիթի ջարդերի խնդրի լուծման նպատակով դիմել է Հայաստանի նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, ԱԳՆ-ի ղեկավարին: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Ըստ նրա` լռության քաղաքականությունն արդեն վաղուց սպառել է իրեն: «Պետք է որոշակի ակտիվ քայլեր ձեռնարկել, արձանագրել, որ Սումգայիթի ջարդերի պատմությունը նոր փուլ է թեւակոխել: Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի կատարած նախճիրի համար: Մենք կոչ ենք անում լրատվամիջոցներին, սփյուռքի մեր ընկերներին օգնել մեզ արդար պայքարում», - նշել է Գրիգորի Այվազյանը:
Նա ընդգծել է, որ կարելի է կազմակերպել Նյուրնբերգյան դատավարության նման մի բան եւ հեռակա կարգով ջարդերի կազմակերպիչներին մահապատժի դատապարտել: Գրիգորի Այվազյանը հայտնել է, որ Ասամբլեան փաստաթղթերի նույն փաթեթով դիմել է Հայաստանի համապատասխան պետկառույցներին եւ ԼՂՀ-ի իշխանություններին: «Պետք է աջակցության կարիք ունեցող ադրբեջանահայերին խոսք տալ: Նրանք կատարված ջարդերի ականատեսներն են: Արդեն 25 տարի է անցել, մենք պետք է շտապենք մեր նպատակների իրականացման համար», - ասել է նա:
Ի պատասխան հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը, Այվազյանը նշել է, որ ամենից առաջ պետք է իրերն իրենց անուններով կոչել, այսինքն՝ Սումգայիթի հայերի ջարդերը ճանաչել որպես Թուրքիայի իրագործած Ցեղասպանության շարունակություն:
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում հայկական բնակչության զանգվածային ջարդեր էին տեղի ունեցել, որի հետեւանքով դաժանորեն սպանվել էր 30 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am



























