Հաշվեք փակ դռները Էջմիածնում, ընդմիշտ Ռուսաստան, Ամերիկա մեկնածների տների դռները: Մենք մեր ուժերով մեր Հայաստանը Հայաստանը կդարձնենք վերադարձի երկիր: Ոչ ոք մեզնից չի խլի մեր երկիրը, մեր իրավունքը,մեր Սահմանադրությունը: Այդ մասին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նրա խոսքով, ինքն այլ ասելու բան չունի, քան գլուխ խոնարհել քաղաքի բնակիչների առջեւ նախագահական ընտրություններում աջակցության համար (հոգեւոր մայրաքաղաքում Հովհաննիսյանը հաղթել էր գործող նախագահ Սերժ Սարգսյանին): Շատերը, ըստ նրա, չէին հավատում ժողովրդի հաղթանակին, Էջմիածինը հավատաց եւ «դուք հաղթեցիք, իշխանությունը վերադարձրիք ժողովրդին` ինքներդ ձեզ»:
«Վլադիմիր Պուտինը, իմ ծննդավայր Ամերիկան, Ֆրանսիան շտապեցին: Սուրբ Կաթողիկոսը, ում ես շատ հարգում եմ, ինքս էլ հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, նույնպես շտապեց: Սա ոչ Ամենայն հայոց կաթողիկոսի, ոչ էլ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հարցը չէ: Նրանք պետք է հոգեւոր հարցերը լուծեն: Սա Սերժի եւ Րաֆֆիի, Ռուսաստանի եւ Ամերիկայի հարցը չէ: Սա ժողովրդի հարցն է, եւ նա իշխանությունը վերադարձրել է իրեն»,- նշել է Հովհաննիսյանը:




























