Հայաստանում քաղաքական գործընթացները կարող են ընթանալ միայն Սահմանադրությանը համապատասխան:

Այդ մասին այսօր` փետրվարի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի ներքաղաքական զարգացումներ է կանխատեսում:

Ի պատասխան հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի իշխանությունը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար, Շարմազանովը նշել է.  «Մենք հարգում ենք այն բոլոր քաղաքացիներին, ովքեր չեն քվեարկել մեր թեկնածուի օգտին, նրանց կարծիքը կարեւոր է մեզ համար, եւ մենք պետք է հաշվի առնենք այդ իրականությունը: Հայերենը շատ հարուստ է, եւ  պետք չի կիրառել  «ճգնաժամ» եւ «լարվածություն» բառերը: Դրանք ծայրահեղական բառեր են:  Ցանկացած ժողովրդավարական երկրում հաղթած քաղաքական ուժը ստանում է  ընտրողների ձայների  55-56%-ը: Միաժամանակ, մենք չենք հերքում որոշ խնդիրների առկայությունը: Ինչպե՞ս է հնարավոր, որ երկրում խնդիրներ չլինեն»:

Պատասխանելով հարցին, թե երբ կգան այն ժամանակները, երբ երկրում խնդիրներ չեն լինի, Շարմազանովը նշել է, որ նման երկրներ չկան, իսկ Պլատոնի ներկայացրած կատարյալ աշխարհն ուտոպիա է:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններին  36,75% ձայն հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրած պայքարի ուղուն`  խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ  իր համար վերջինիս ընտրած ուղին անհասկանալի է` չնայած որ ինքը շատ է հարգում Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ազատության հրապարակում նա հայտարարեց, որ 80% ձայն է հավաքել, Բաղրամյան 26-ի ճանապարհին հայտարարեց երկրորդ փուլի մասին, իսկ Բաղրամյան 26-ից դուրս գալիս` խորհրդարանական նոր ընտրությունների: Մեր երկիրը պատվերով համերգների տեղ չէ: Բոլորը պետք է ենթարկվեն Սահմանադրությանը»: