Արտաշատում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ միջադեպ է եղել: «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը նշել է, որ երիտասարդներից մեկը իրեն հայհոյել է, ինչի համար ինքը հրել է նրան:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Արտաշատում ցուցարարների մեջ քաղաքացիական հագուստով անձինք են եղել, որոնք հավաքվածներին նկարել են բջջային հեռախոսներով եւ տեսախցիկներով` փորձելով արձանագրել հավաքվածների դեմքերը: Լրագրողները փորձել են լնկարել երիտասարդներին, որոնք անմիջապես թաքցրել են խցիկները:

Հանրահավաքի կազմակերպիչների եւ նրանց միջեւ մի քանի քաշքշուկ է եղել, երբ վերջիններից պահանջել են ներկայանալ: Երիատսարդներից մեկը հայհոյել է Դավիթ Սանասարյանին, ով հրել է վիրավորողին:

Հանրահավաքից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին է մոտեցել ոստիկանության ներկայացուցիչը, ով ասել է, թե միջադեպը պետք է պատշաճ կերպով քննարկվի: Դրանից հետո ակտիվիստին փորձում էին տանել ոստիկանական բաժանմունք, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը թույլ չտվեց`ասելով, որ համապատասախան սանկցիայից հետո իրենք երկուսով ինքնակամ կներկայանան բաժանմունք:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, ե ոչ ոք իրավունք չունի ահաբեկել զինվորներին եւ սպաներին` հայաստանի հպարտությանը: «Այսօր ես մոտեցա եւ բարեւեի երկու ոստիկանների: Նրանցից մեկը հրաժարվեց: Բայց վստահ եմ, որ ժողովրդի կամքը կանի իր գործը: Եւ երբ մենք հաջորդ անգամ հանդիպենք այս քաղաքում, նա կբարեւի ինձ»,- ասել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ ոստիկանությունը նկարահանում է բոլոր հանրահավաքները: «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը միկրոֆոնով կոչ է արել, որ ոչ ոք չտրվի սադրանքին: