ԼՂ խնդրի կարգավորման հարցում նույնիսկ ստատուս քվոն պահպանելու համար անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել, քանի որ հակառակ կողմը անում է ամեն բան, որպեսզի ձախողի բանակցությունները: Այս մասին, այսօր` փետրվարի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

«Ադրբեջանի հայ համայնքը, որը բաղկացած է հիմնականում փախստականներից, ի վիճակի չէ գնալ ուղիղ առճակատման Ադրբեջան պետության դեմ, որը հսկայական դրամական միջոցներ ունի: Հետեւաբար, մենք Հայաստան պետության աջակցության կարիքն ունենք: Մեր հույսը դեռ չի մարել եւ մենք սպասում ենք այդ աջակցությանը»,-նշել է Այվազյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ ադրբեջանահայերը չեն խառնվում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին այն պատճառով, որ իրենց համար երկրի կայունությունը ավելի կարեւոր է, քան քաղաքական շահերը: «Մենք կպայքարենք մինչեւ վերջ, այլ ուղի չունենք»,-ասել է Գրիգորի Այվազյանը, հավելելով, որ արվում է ամեն հնարավորը, որպեսզի ադրբեջանահայ փախստականների արդարացի ցասումն ուղղվի կառուցողական հուն:
Նշենք, որ 1988-90 թվականներին Ադրբեջանի տարբեր քաղաքներում հայերի կոտորածների հետեւանքով այդ երկիրը լքել է ավելի քան 400 հազար հայ:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am