Պետությունն իրավունք չունի արգելել ընդդիմության հանրահավաքները, բայց ոչ նրա համար, որ բարի է, այլ որովհետեւ ուժ կիրառելու իրավունք չունի: Այդ մասին փետրվարի 26-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` գնահատելով հետընտրական պրոցեսները:
«Սակայն այլ հարց է, թե ինչին է ծառայում հանրահավաքը: Հանրահավաքի իրավունքը ողջ աշխարհում` այս կամ այն քաղաքական գործընթացին քաղաքական անհամաձայնության արտահայտություն է: Այլ նպատակի հանրահավաքը չի կարող ծառայել»,- նշել է Թովմասյանը:
Հարցին, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ոստիկանությունը, եթե ցուցարարները չլսեն ոստիկանության աշխատակիցների կոչերը, նախարարը պատասխանեց. «Նման դեպքերի համար կա հստակ օրենք` ոստիկանին չենթարկվելը: Ոչ ոք չի կարող չլսել ոստիկանին, մարդը պարտավոր է կատարել ոստիկանի պահանջը, ապա բողոքարկել նրա գործողությունները»:
Հարցին` բացառում է արդյոք սադրանքների հնարավորությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, Թովմասյանը նշել է, թե ոչ ոք չի կարող բացառել նման բան. «Աստված չանի: Նման մարդն արժանի չէ հայ կոչվելու: Մենք ապրում ենք մեր պետության բարդ փուլում, սակայն կարող եմ վստահություն հայտնել, որ ոստիկանությունը կանի հնարավորը, որ բացառի նման իրավիճակը»:



























