Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մտադրություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Կապանի քաղաքապետը: Նա նշեց, որ իր պաշտոնավարման 100 օրը վերջերս է լրացել, իր պաշտոնանկության հարցը դրված չէ, ինքն էլ չի պատրաստվում աշխատանքից ազատվելու դիմում գրել:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Կապանում Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանից քիչ ձայն է ստացել, Աշոտ Հայրապետյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը տոկոսային հարաբերությամբ նույն ձայներն է հավաքել, ինչ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն: «Իսկ թե ինչու է ձայների մյուս մասն ամբողջությամբ տրվել Րաֆֆի Հովհաննիսյանին, ոչ թե բաշխվել մյուս թեկնածուների միջեւ, այլ խնդիր է: Եթե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն մասնակցեին ընտրություններին իրենց թեկնածուով, միանշանակ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան ձայն չէր ստանա»,- ասաց Աշոտ Հայրապետյանը: Կապանի քաղաքապետը նշեց, որ գուցե ինչ-որ տեղ իրենք թերացել են քարոզարշավը  կազմակերպելու, անցկացնելու առումով:

Աշոտ Հայրապետյանը հերքեց մեզ հասած տեղեկությունները, թե Կապանում Սերժ Սարգսյանի պարտության պատճառով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նրա հետ շատ խիստ է խոսել, նույնիսկ հարվածել է բանալիների տրցակով: Կապանի քաղաքապետն ասաց, որ որեւէ միջադեպ իր եւ մարզպետի միջեւ չի եղել եւ չի կարող լինել:

Անդրադառնալով փետրվարի 27-ին Րաֆֆի Հովհաննիսյանի` Սյունիքի մարզ այցելությանը եւ բոլոր քաղաքներում հանրահավաքներ անցկացնելուն` նա նշեց, որ իրենք մտահոգված չեն այդ խնդրով: