ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նորություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԱԾ մամուլի ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը:
Նա նշեց, որ նախաքննությունը շարունակվում է, քրգործի շրջանակներում կալանավորված անձինք երկուսն են:
Ի դեպ, Պարույր Հայրիկյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, սակայն այսօր նրան տեղափոխում են Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն: Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ նրա վիճակը լավ է, պարզապես աջ ձեռքի թուլացման, ցավերի ուղղությամբ պետք է վերականգնողական բուժում ստանա:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























