Փետրվարի 26-ին, ժամը 22.21-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի թիվ 9-րդ բնակարանում հնարավոր է գող կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:
Դեպքի վայր մեկնելու ճանապարհին փրկարարները Կիեւյան կամրջի տարածքում նկատել են մոտ 35 տարեկան կնոջ, ով փորձել է իրեն նետել ընթացող ավտոմեքենաների տակ, սակայն անհաջող փորձից հետո նա վազել է դեպի կամուրջը, որպեսզի ցած նետվի:
Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը եւ կնոջը հանձնել տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին:
Այնուհետեւ փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը մեկնել է նախորդ կանչի վայր: Փրկարարները բացել են բնակարանի դուռը:




























