Աննա Պոլիտկովսկայայի սպանությանը մասնակցելու համար դատապարտված նախկին ոստիկան Դմիտրի Պովլյուչենկովը քննությանը նոր մանրամասներ է հայտնել ռուսական Forbes-ի գլխավոր խմբագիր Պոլ Խլեբնիկովի սպանության մասին: Ըստ նրա՝ հանցագործությանը խառն են Լազանի հանցախմբի անդամները, որոնք իբրեւ թե հետեւել են Խլեբնիկովին, գրում է «Կոմերսանտը»:
Նշվում է, որ այդ հանցախումբը ղեկավարում էր Պոլիտկովսկայայի սպանության կազմակերպիչ համարվող Լոմ Ալի Գայտուկայեւը: Քննությանը մոտ կանգնած աղբյուրները խմբագրությանը հայտնել են, որ Խլեբնիկովի սպանությանը Լազանի հանցախմբի մասնակցության վարկածն արդեն դիտարկվում է եւ համարվում է հեռանկարային:
Ըստ Պավլյուչենկովի` հենց այդ նույն խմբավորման ձեռքի գործն էր լրագրող Ալեքսեյ Սիդորովի սպանությունը:
Պոլ Խլեբնիկովը սպանվել էր 2004թ. Մոսկվայում: Մեկ տարի անց սպանության մեղադրանք էին ներկայացրել Ֆայիլ Սադրետդինովին (իննամյա ժամկետ է կրում մեկ այլ հանցագործության համար), Կազբեկ Դուկուզովին եւ Մուսա Վախայեւին (փախած են): 2006թ. դատարանը նրանց արդարացրել էր, սակայն դատավճիռը չեղյալ էր համարվել, եւ գործն ուղարկվել էր վերաքննության:




























