Երկարատեւ ընդմիջումից հետո փորձում եմ գրել, վիճակս չի լավանում․ շարունակում եմ մնալ բժիշկների հսկողության տակ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը:
«Վաղը, հավանաբար, այլ բուժհիմնարկ կտեղափոխովեմ։ Քաղաքական իրավիճակի վերաբերյալ ասելիք ունեմ, սակայն հետաձգելն է ճիշտ։ Ասողին լսող է պետք եւ արժանավոր լսող։ Չմտածեք, թէ ձեռքերս լվանալու եմ․ ուզեմ էլ, չեմ կարող։
«Ինչ է, այս հայրենիքը ի՞մն է միայն»,-արտասանում էի «Կագէբէ»-ի բանտում 1974թ.-ին․․․ Երազում եմ այն օրվա մասին, երբ կկարողանամ գրել աջ ձեռքիս մատներով, մոռանալ սպանող ցավերը եւ վերադառնալ առօրեական կյանք։ Ինչ վերաբերում է «ընտրություններում» իմ հանդեպ պահվածքին, դուք տեսել եք։ Այնպես որ՝չխոսենք․․․
Միշտ ձեր՝ ՊԱՀ»,- գրել է նա:
Ի դեպ, Պարույր Հայրիկյանը արդեն տեղափոխվել է Կարմիր Խաչի Վերականգնողական կենտրոն:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























