«Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ-ն կոչով դիմել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին` խնդրելով «ճիշտ ու համարժեք գնահատել ստեղծված իրավիճակը եւ զերծ մնալ լրացուցիչ հասարակական լարվածության բորբոքումից»:
Խորհրդի կոչում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր Հայաստանի հասարակության մի մասի ոչ համարժեք վերաբերմունքը գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ թելադրված է հանրապետությունում գործող արատավոր իշխանական համակարգի հանդեպ հասարակության խիստ դժգոհությամբ: Համակարգ, որն օտարված է իր ազգի մտավորականությունից, եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը թելադրվում է հիմնականում կուսակցական միջակություններից կազմավորված Ազգային ժողովի եւ Կառավարության կողմից: Արդյունքում տաբեր ոլորտներ ղեկավարում են մարդիկ, ովքեր առանց լրացուցիչ կրթության ունակ չեն նույնիսկ տվյալ ոլորտի ստորին օղակներում աշխատելու: Դրա տիպիկ օրինակ կարող է ծառայել գիտության ոլորտը, որը տարիներ շարունակ, անարգելք ավերվում է բնագավառի ժամանակակից գործընթացներից անտեղյակ եւ կոռուպցիոն մոլուցքով տարված ԿԳՆ չինովնիկների կողմից` դրանով իսկ վտանգելով երկրի պաշտպանությունը ու նրա քաղաքակիրթ ապագան:
Նշենք, որ աշխարհի ամենաժողովրդական եւ ամենահզոր երկիր համարվող ԱՄՆ-ը 1916 թվականին նույնպես հայտնվել էր Հայաստանի ներկայիս իրավիճակում, որից կարողացել է պատվով դուրս գալ իր Ազգային գիտական խորհրդի կազմավորման միջոցով, որում ներգրավվել էին տարբեր բնագավառների առաջատար գիտնականներ եւ մասնագետներ: Նույն օրինակին են հետեւել բազմաթիվ զարգացած երկրներ, որոնց թվում են նաեւ մեզ համար օրինակելի համարվող Իսրայելն ու Սինգապուրը:
Հետեւաբար, մենք իմաստության եւ խոհեմության կոչ ենք անում հասարակության մեջ մեծ սեր ու հեղինակություն վաստակած ՀՀ նախագահի թեկնածու հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանին ճիշտ ու համարժեք գնահատել ստեղծված իրավիճակը եւ զերծ մնալ լրացուցիչ հասարակական լարվածության բորբոքումից ու երկրի վարկանիշի միջազգային վարկաբեկումից ու դիտարկել գործող նախագահ Սերժ Սարգսյանին ոչ թե որպես «կուսակցապետ», այլ ազգային հերոս, որը ԼՂՀ եւ ՀՀ անկախության եւ պետական շինարարության գործում իր բազմաբովանդակ ավանդով հավասարը չունի Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտում:
Մենք վստահ ենք, որ երկու անվիճելի լիդերների համգործակցությամբ, ինչպես նաեւ մեր ազգի մտավոր ներուժի օգտագործմամբ կարելի է մեր երկիրը եւս հանել ներկա ճգնաժամային իրավիճակից եւ նրա բազմաչարչար ու ստեղծագործ ժողովրդի համար ճանապարհ հարթել դեպի քաղաքակիրթ երկրների ընտանիք»:




























